Արցախի տոտալ բլոկադան շարունակվում է:
Վիճակը ծայրահեղ ծանր է ու օրհասական:
Կոչեր, հորդորներ՝ հնչում-հնչեցնում են ինչքան ասես, գործնականում՝ սայլը տեղից չի շարժվում, ոչ մի դրական տենդենց չկա:
Արցախում նստացույց է:
Նախագահ Հարությունյանը, չգիտես թե ի՞նչ ակնկալիքով միացել է նստացույցին, բայց և հայտարարում է, որ «Դիմելու ենք շատ կոշտ միջոցների»:
Այսինքն, այսօր վրանում նստելով արժանանա ու Արցախն արժանացնի աշխարհի ուշադրությանն ու խղճահարությանը, այդկերպ ակնկալելով նախաձեռնողականություն ու միջամտություն (չնայած, որ աշխարհը «թքած ունի» այդ ամենի վրա և նրան բացարաձակ չի հետաքրքում, թե՛ Արցախը, և թե՛ առավել ևս աշխարհում չճանաչված պետության ոմն ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ակցիայով հանդերձ), բայց որ դա այդուհանդերձ «չաշխատի»՝ գնալու է կոշտ միջոցների:
Թե որո՛նք են այդ կոշտ միջոցները, որոնց պետք է դիմի` վերջինս առայժմ չի բարձրաձայնում:
ՈՒ գոնե շրջապատից մեկը չկա՝ նրան ասի.
«Ա՛յ ընկե՛ր, հո դու կոլխոզի նախագահ չե՞ս:
Դու ի վերջո ոչ ու բարով երկրի ղեկավար ես:
Պետության ղեկավար մարդը իր իսկ նստավայրի դիմաց վրան չի խփում ու մեջը նստում, նստացույց ու հացադուլ չի՛ հայտարարում»:
Նստացույցը՝ ճգնաժամային իրավիճակում կառավարման ձև՞ է:
Պետության ղեկավար մարդը պայքարի նման մեթոդների չպետք է դիմի:
Դա պետության ճգնաժամի, պետական համակարգի անզորության, հուսահատության, անելանելիության, թուլամորթության ու վերջին ճիգի ցուցադրություն է:
Քո արածը պայքարի ձև չէ, սա պայքարի իմիտացիա է, բեմադրություն:
Ժողովուրդը գնալու է նրա՛ հետևից, ով ոչ թե նստում, այլ գործում է:
Թե չէ, մելանխոլիկի վարքագծով՝ «Ես հուսահատվել եմ, այլևս որևէ բան անհնարին է անել» մոտիվներով ու սրտաճմլիկ ուղերձներովդ, ոչ մեկի խղճահարությանը, առավել ևս օգնությանը չես արժանանա:
Ընդհակառակը՝ թույլին ու տկարին չեն ընդունում, չեն ընդառաջում ու լուրջ չեն վերաբերվում:
«Լուրջ միջոցների դիմելն» էլ քո պարագայում խիստ մտահոգիչ է:
Վերջում չիմանանք, որ Փաշինյանի՝ «շրջափակման մեջ հայտնված 25 հազար մարդ եմ փրկելու» նման դու էլ՝ 120 հազարին «փրկես»՝ համաձայնելով Ադրբեջանի՝ Լաչինի փոխարեն Աղդամից հումանիտար բեռներ ստանալուն:
Ձեզանից ամեն ինչ սպասելի է:
Ի դեպ, Արայի՛կ, քո հրաժարականը պահանջող ԱԺ նախագահդ այսօր անկեղծացավ:
Պարզվում է նա էլ է «մտքի գիգանտ»:
Պարզապես ոչ միայն պատմությունից է ոտաբոբիկ այլ նաև լուրջ դեմագոգ է:
Վերջինս այսօր հայտարարեց, թե բա «Ադրբեջանի հետ հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել հավասարը հավասարի սկզբունքով»:
Վա՜յ, հազարամյակներով ձյուն գար գլխիդ, թե ադրբեջանցիներ եղել են հազարամյակներով ու
կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել են:
ՈՒ որ հավասարը հավասարի հետ էլ պատրաստ լինեն ապրել ու համագոյակցել հետդ:
Ա՛յ, ձեր նմանների պատճառով է, որ հայ ազգն այս օրին է հասել:
Ձեր ու այստեղի «դուխով պատուհասների» անկարող-ապիկար վարքագծի ու վարած քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունը մատնվել է քաոսի ու խնդրի լուծման, իրավիճակից դուրս գալու ռացիոնալ ուղիների բացակայության պատճառով տառապում է թե՛ ձեր, և թե՛ Ալիևի ձեռքը:
ՈՒ՞մ բողոքես, ու՞մ ասես, ու՞մ հասկացնես, որ երկու իշխանությունները պետք է «քարերը փեշերից թափեն» միասնական ու սինխրոն աշխատեն, որ պատերազմից խուսափում են՝ դրան պատրաստվելով, այլ ոչ թե դրանից վախենալով ու ժողովրդին էլ պատերազմով վախեցնելով, որ թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, առ այն, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է հայրենական։
Չնայած, ի՞նչ անի ժողովուրդը, երբ անգամ քո իշխանություններն են քո դեմ, երբ նրանք ամենօրյա ռեժիմով, իսկ այսօր էլ ԵԱՀԿ-ում՝ արտգործնախարար Միրզոյանն ուղիղ տեքստով են ասում, որ պատրաստ են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:
ՈՒ՜ր մնաց լինեն միասնական ու վերը թվարկածներս հասկացնեն թշնամուն:
Ինչևէ...
Հարգելի՛ հայրենակից,
Արցախը հեռահար խորհուրդների ու խղճահարության կարիք չունի։
Արցախն ունի աջակցության ու հստակ քայլերի կարիք։
Ես իմ մասով կոչ-առաջարկս արել եմ և սպասում եմ արձագանքների:
Սակայն անկախ դրանից, նախապատրաստական աշխատանքները տարվում են:
Աստված առաջ:
Կար մի ժամանակ, երբ յուրաքանչյուր հայ՝
ուս-ուսի կանգնած, ձեն-ձենի տված՝ երգում էր «Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք Հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»...
Երբ բոլորը գիտեին, որ՝
«Չի հանգստացել, մեր թշնամին,
ՈՒզում է նորից կոտորել Հային,
ՈՒ որ պայծառ գալիք է սպասում Հային,
Եթե դժվարին պահին լինենք միասին»:
Իսկ այսօ՞ր...
Իսկ այսօր միասնականություն չկա, կոնսոլիդացիա՝ ևս...
Վրադիր էլ՝ արժեհամակարգի, մարդկային հարաբերությունների ճգնաժամ է:
Էգոիզմ ու լկտիություն է տիրում:
Այն աստիճան ներքին անտագոնիզմ է, պառակտվածություն, ատելություն ու թշնամանք (ի դեպ բացահայտ) որ անգամ «առաջին տիկինը»՝ չթաքցնելով արցախցիների հանդեպ իր «անսահման համակրանքը», Արցախում սննդի համատարած բացակայության և սովի ֆոնին, իր ույուտի ֆոնից հերթական լուսանկարներն է հրապարակել սոցիալական ցանցերում՝ ցույց տալով բանջարաբոստանային կուլտուրաներով պատրաստած իր ուտեստը:
Բնականաբար, նա կուտի իր ուտեստը, ժողովրդին էլ՝ կուտեցնի իր «ուտեստը»:
Բայց թե ազդվողը՝ կազդվի, չազդվողը՝ ինչ էլ ասես կուտի:
Մի խոսքով՝ կրակն ենք ընկել բոլորիդ ձեռքը:
Համբերություն հասարակության գիտակից հատվածին:
Այսպես չի մնա...
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ